Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ընթացիկ առաջնություններն այս շաբաթ կավարտվեն: Բոլորում, բացի իսպանականից, հայտնի են չեմպիոններն ու, ընդ որում, վաղաժամկետ: Իսպանիայում էլ հարկավ նույնը կլիներ, եթե չլիներ «Բարսելոնի» նախաեզրափակչյան փուլի անհասկանալի խենթությունը, երբ ում ասես երեք միավոր էր շնորհում: Ինչևէ: Հուսանք, որ կատալոնցիները շանսը ձեռքից բաց չեն թողնի ու ամեն ինչ կհասցնեն տրամաբանական ավարտին: Ինչ վերաբերում է այդ առաջնությունների փոխչեմպիոններին ու բրոնզե մեդալակիրներին, այստեղ ինտրիգը սպասվածից էլ վեր է:
ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայում «Բարսելոնի», «Ռեալի», «Աթլետիկոյի» պոկվածությունը մնացածներից այնքան մեծ է, որ օրակարգային է միայն այն, թե թիմերն ինչ հերթականությամբ կավարտեն առաջնությունը: Շտապենք ասել, որ չեմպիոնի կոչմանը հավակնելու իր վերջին ռեսուրսները կորցրեց արդեն իսկ առաջնությանը հրաժեշտ տված «Լևանտեի» հետ մրցած «Աթլետիկոն»: Չեմպիոնների լիգայի սպասվելիք եզրափակչի մասնակիցը թե ինչպես հաջողեցրեց տանուլ տալ բախտորոշ այդ խաղը (1:2), կմնա մրցաշրջանի ամենաքննարկվելիք թեմաներից մեկը, և արծաթե մեդալների համար պայքարում այժմ նրան մնում է հույսեր փայփայել, որ նման մի անակնկալի հեղինակ էլ կդառնա «Ռեալը» (3:2 հաշվով հաղթել է «Վալենսիային», որը, իր հերթին, իհարկե, հաջող խաղի դեպքում, հույսեր է փայփայում, որ վերջին խաղում կվրիպի «Բարսելոնը» (հինգ անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել մրցաշրջանի առաջին կեսում իրենից միավոր պոկած «Էսպանյոլին»)։ Ինչ խոսք, որ վերջին երկու դեպքն էլ հավասարապես անհավանականության ոլորտից են, բայց մի՞թե նույն այդ ոլորտից չէր «Աթլետիկոյի» պարտությունը:
ԱՆԳԼԻԱ
Դեռևս երկու տուր առաջ երկրի չեմպիոնությունը նվաճած «Լեստերը» «Էվերտոնի» հետ նախավերջին տուրում ունենալիք հանդիպումում պիտի որ մոտիվացիա չունենար, բայց, արի ու տես, մոտիվացիան այդ եղավ ի դեմս գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի, ով խոստացել էր անկամ խաղ ցուցադրելու դեպքում մորթել խաղացողներին: Մորթելը, բնականաբար, պատկերավոր էր ասված, բայց հանուն սեփական մաշկի փրկության ինչ ասես, որ չես անի, ու մարզչի մեջ քնած հնարավոր մսագործին տղաները գերադասեցին չարթնացնել: 3:1-ը, կարծում եմ, տպավորիչ արդյունք է դժգոհություն չհարուցելու համար: Արդյունքում թե՛ իրենք արբեցան հաղթանակից, թե՛ մարզասերները, թե՛ Ռանիերի-հրաշագործը, ով թիմի ավելի քան 130 տարվա պատմության մեջ նրան բերեց-հասցրեց չտեսնված-չլսված բարձունքի:
Սակայն տեղականի կողքին «Լեստերի» հաղթանակը որչափ էլ համաանգլիական նշանակության, այդուհանդերձ նախավերջյան տուրի թիվ մեկ հանդիպումը «Մանչեստր Սիթի»-«Արսենալ» դիմակայությունն էր: Հաղթանակի դեպքում տանտերերը ռեալ շանս էին ստանում երրորդ տեղի համար պայքարում, նույն այդ հաղթանակի դեպքում շատ ավելի ծանրակշիռ հայտ էին ներկայացնում արծաթե մեդալների համար մրցակցությունում: Արդյունքում, ինչպես և սպասվում էր, խաղը լիովին համապատասխանեց իր բարձր կարգավիճակին, թեպետ այդպես էլ կողմերից ոչ մեկին առավելություն չբերեց՝ 2:2: Իսկ սա նշանակում է, որ «Սիթին» սկզբունքորեն դուրս մնաց մեդալների համար պայքարից, իսկ 68 միավոր ունեցող «Արսենալը» դեռ կարող է երազել փոխչեմպիոնության մասին, քանի որ «Տոտենհեմը» (70 միավոր) շռայլություն ունեցավ երեք միավոր «նվիրաբերելու» «Սաուտհեմպտոնին»՝ 1:2, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ երկրորդ-երրորդ տեղերի հարցը կորոշվի առաջնության վերջին տուրում:
«Լիվերպուլ»-«Չելսի», «Սանդրլենդ»-«Էվերտոն», «Նորվիչ»-«ՈՒոթֆորդ» դիմակայություններով ամբողջացավ Անգլիայի առաջնության երեսունյոթերորդ տուրը: Մրցաշարային առումով իր համար ոչինչ չնշանակող հանդիպումում «Չելսին» միայն մեկ միավոր վաստակելու հնարավորություն տվեց մրցակցին (1:1)՝ դրանով իսկ նրան գրեթե վերջնականապես զրկելով եկող տարի Եվրոպայի լիգայում հայտնվելու պահեստային տարբերակից (առաջնության մակարդակով «Լիվերպուլը» շանսերը կարող է պահպանել միայն այն դեպքում, եթե վերջին տուրում ձախողվեն «Սաուտհեմպտոնն» ու «Վեստ Հեմը»): Հիմնական տարբերակը, բնականաբար, գիտեք որն է՝ հաղթել Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակչում:
Ինչ վերաբերում է մյուս երկու զույգերի հանդիպմանը, «ՈՒոթֆորդին» հաղթելը միայն «Նորվիչին» կարող էր փրկել պրեմիեր լիգայից դուրս թռչելուց՝ պայմանով, որ «Սանդրլենդը» կձախողվի «Էվերտոնի» հետ խաղում: Հաղթելով մրցակցին (4:2)՝ «Նորվիչն» արեց իրենից կախված հնարավորը, սակայն հաղթանակ տոնեց և «Սանդրլենդը» (3:0): Արդյունքում վերջինս միանգամից որոշեց երկու թիմի ճակատագիր: Հաջորդ մրցաշրջանում չեմպիոնշիպի անհաճո ուղեգիր «նվաճած» «Նորվիչին» կընկերակցի նաև «Նյուքասլը»: Պրեմիեր լիգան լքած երրորդ թիմն «Աստոն Վիլան» է:
ՖՐԱՆՍԻԱ
«Պարի Սեն Ժերմենը», գիտեք, վաղուց անհասանելի է մրցակիցների համար, և ինչպես ասել ենք մեր նյութերից մեկում, մնացածներին մնում է մնացածը: 68 միավոր ունեցող ու երկրորդ տեղում գտնվող «Լիոնը» հյուր է գնալու «Ռեյմսին», «Մոնակոն» (62 միավոր, երրորդ տեղ) սեփական հարկի տակ ուժերը կչափի «Մոնպելիեի» հետ, «Նիցցան» (60 միավոր, չորրորդ տեղ) արտագնա խաղ կունենա «Գենգամի» հետ: Կախված սպասվելիք խաղերից՝ «Մոնակո»-«Նիցցա» երկյակից մեկը մրցանակային եռյակում հաստատ ավելորդ է լինելու:
ԻՏԱԼԻԱ
«Յուվենտուսի» վաղաժամկետ չեմպիոն հռչակվելուց չխոսենք: Ինչ վերաբերում է երկրորդ-երրորդ տեղերին, այստեղ պայքար դեռ սպասվում է, թեպետ առաջնությունը լքող «Ֆրոզինոնեն» թե ինչ հակափաստարկներ պիտի բերի ընդդեմ «Նապոլիի», այն էլ հյուրընկալվողի կարգավիճակում, դժվար հասկանալի է: Ամենայն հավանականությամբ, «Նապոլիից» «Ռոմային» բաժանող երկու միավորի տարբերությունն այդպես էլ անփոփոխ կմնա, եթե, իհարկե, իտալական «գայլերը» «Միլանի» հետ արտագնա խաղում խելքից դուրս ինչ-որ բան չմոգոնեն: Բոլոր դեպքերում ասենք, որ «Ռոմայի» երրորդ տեղին ոչինչ չի կարող սպառնալ: Վկան՝ չորրորդ հորիզոնականում գտնվող «Ինտերից» տասը միավորի պոկվածությունը:
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգան միակն է, որտեղ առաջին երեք տեղի կտրվածքով ամեն ինչ ավարտված է: «Բավարիային» ու Դորտմունդի «Բորուսիային» եկավ միանալու Լևերկուզենի «Բայերը»՝ առաջնության վերջին տուրը դարձնելով զուտ արձանագրային: Ասել է թե՝ «Բավարիա»-«Հոֆենհայմ», «Բորուսիա»-«Քյոլն», «Բայեր»-«Ինգոլշտադտ» հանդիպումներում ընդամենը լոկալ հարցեր են լուծվելու:
Ահա այսքանն ավարտվող առաջնությունների մասին: Սակայն մարզասերը տխրելու քիչ ժամանակ կունենա: Չեք մոռացել, չէ՞, որ քթներիս տակ է Եվրոպայի առաջնությունը, իսկ մինչ այդ կան Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների եզրափակիչները, ազգայինների վերջին ընկերականները: Այնպես որ՝ կյանքը շարունակվում է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ